Ամասիա համայնքում ներկայացվել է կլիմայական դիմակայուն զարգացման ուսումնասիրության արդյունքները
29.04.2025
«Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WICE) հասարակական կազմակերպության նախագահ Նունե Սաքանյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ծրագրերի ղեկավար Շուշանա Սիրականյանը և «Համայնքների հզորացմանն ուղղված կայուն կլիմայական դիմակայունությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) պրակտիկաների միջոցով» ծրագրի ղեկավար Արմեն Ասրյանը հանդիպում են ունեցել Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ։
Հանդիպումն իրականացվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում և նպատակ ուներ ներկայացնելու Ամասիա համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև քննարկելու համայնքի կայուն զարգացման և կլիմայական դիմակայունության բարձրացմանն ուղղված առաջարկները։ Հանդիպմանը մասնակցել են նաև համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում WICE-ի կողմից համայնքի ղեկավարին և գործընկերներին ներկայացվել են համայնքում իրականացված հետազոտության արդյունքները, որոնք ձևավորվել են ինչպես մասնագիտական գնահատականների, այնպես էլ համայնքային շահառուների մասնակցային գործընթացների արդյունքում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կլիմայի փոփոխության համայնքային ազդեցություններին, զարգացման ռիսկերին և հնարավորություններին։